• Tue. May 21st, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հայաստանի բնակչության 96 տոկոսն ապահովված է լայնաշերտ ինտերնետով. Երևանում ընթանում է Կապի եվրոպական գագաթնաժողովը

ByEditor

Jun 8, 2023

«Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա և տարածաշրջան» խորագրի ներքո Երևանում հունիսի 6֊7֊ն անցկացվում է Կապի եվրոպական գագաթնաժողով 2023-ը, տեղեկացնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Գագաթնաժողովի բացմանը մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը, ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ Վրաստանից, Հունաստանից, Ղրղզստանից։

Բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, խոսել միջոցառման նպատակների, ոլորտի առաջնահերթությունների, մարտահրավերների և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին։

Ներկաներին ողջունել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Նա անդրադարձել է ինտերնետի կարևորությանը, հնարավորություններին, մարտահրավերներին, տեղեկատվական անվտանգությանը և ինտերնետի հասանելիության հարցում երեխաների համար որոշակի սահմանափակումներին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանն իր խոսքում ընդգծել է, որ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված է, որ մինչև 2026 թվականը Հայաստանի բնակավայրերի 80 տոկոսն ապահովվի լայնաշերտ ինտերնետի հասանելիությամբ, որը բավականին մեծ ցուցանիշ է ամբողջ աշխարհում։

«Ներկայում մենք առաջանցիկ տեմպերով ենք ընթանում դեպի այդ ցուցանիշը։ Արդեն իսկ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի 66,5 տոկոսն ապահովված է լայնաշերտ ինտերնետով, որը ներառում է բնակչության 96 տոկոսը։ Հատկանշական է նաև, որ այն բնակավայրերը, որոնք չունեն լայնաշերտ ինտերնետի հասանելիություն, ապահովված են շարժական ինտերնետով»,- նշել է Ավետ Պողոսյանը։

Գագաթնաժողովի մասնակիցներին ողջունել են նաև «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը և «Ինտերնետ հասարակություն» կազմակերպության վաստակավոր տեխնոլոգ Միչուկի Մուանգին։

Կապի եվրոպական գագաթնաժողով 2023-ն ունի երեք հիմնական ուղղություն`
• «Համայնքային ցանցերի հետ կապված տեխնիկական խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները»,
• «Լրացուցիչ ինտերնետ հասանելիության և ցանցային լուծումների համար քաղաքականության մշակումը և նորարարական ֆինանսավորման մեխանիզմի ստեղծումը»,
• «Ուսուցման և վերապատրաստման հնարավորություններ՝ դժվար հասանելի վայրերում լրացուցիչ ցանցեր տեղակայելու համար»։

Միջոցառումն անցկացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ՝ «Internet Society» («Ինտերնետ հասարակություն», ԱՄՆ) կազմակերպության և Հայաստանի օպերատորների միության կողմից։